Մոգերի ընծաները: մաս 2

Դելան դադարեց արտասվելուց և խավափնջիկով թեթևակիորեն դիմափոշի քսեց այտերին: Այժմ նա կանգնել էր պատուհանի մոտ և թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

Վաղը Ծննդյան տոներն են, իսկ ինքը միայն մեկ դոլար ութսունյոթ ցենտ ունի Ջիմին նվեր գնելու համար: Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ եղածն ընդամենը այդքան էր: Շաբաթը քսան դոլարով հեռու չես գնա: Ծախսերն ավելի շատ դուրս եկան, քան նախատեսել էր: Միշտ էլ այդպես է լինում: Ջիմին նվեր գնելու համար ընդամենը մի դոլար ութսունյոթ ցենտ: Իր Ջիմի համար: Քանի-քանի բերկրալի ժամեր էր անցկացրել, մտածելով` ինչ գեղեցիկ բան նվիրի նրան Ծննդյան տոներին: Ինչ-որ առանձնահատուկ, հազվագյուտ, թանկարժեք մի բան, որը գեթ փոքր-ինչ արժանի լինի Ջիմին պատկանելու մեծ պատվին:

Մի մեծ հայելի էր դրված լուսամուտների միջև: Երբևիցե առիթ ունեցե՞լ եք նայելու ութդոլարանոց կահավորված բնակարանում դրված հայելուն: Դիտելով նրա նեղ փեղկերում արտացոլվող իրար հաջորդող փոփոխությունները՝շատ նիհար ու շարժուն մարդը կարող է բավականին ճիշտ պատկերացում կազմել իր արտաքինի մասին: Նրբակազմ Դելային հաջողվել էր տիրապետել այդ արվեստին:

Հանկարծ նա հեռացավ լուսամուտի մոտից և նետվեց դեպի հայելին: Աչքերը փայլում էին, սակայն քսան վայրկյանի ընթացքում երեսին գույն չմնաց: Արագ շարժումով հանեց հերակալները և արձակեց մազերը:

Ի դեպ,  Ջեյմս  Դիլինգհեմ Յունգ զույգը իր հպարտությունը կազմող երկու թանկ բան ուներ: Մեկը Ջիմի` հորից և պապից ժառանգած ոսկե ժամացույցն էր, մյուսը` Դելայի մազերը: Եթե թագուհին ապրեր դիմացի տանը, գլուխը լվանալուց հետո Դելան անպայման լուսամուտի մոտ կչորացներ արձակած մազերը հատուկ նրա համար, որ նսեմացներ նորին մեծություն թագուհու բոլոր զգեստների ու զարդերի փայլը: Եթե թագավորը որպես բարապան ծառայեր նույն տանը և նկուղում պահեր իր ողջ հարստությունը, նրա մոտով անցնելիս Ջիմն ամեն անգամ գրպանից կհաներ ժամացույցը հատուկ նրա համար, որպեսզի տեսներ, թե ինչպես է նա նախանձից փիտում մորուքը:

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը: Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը: Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու-երեք կաթիլ ընկավ հնամաշ կարմիր գորգին:

Հնամաշ, դարչնագույն ժակետն ուսերին, հնամաշ, դարչնագույն գլխարկը գլխին, շրջազգեստը փողփողացնելով, տակավին չչորացած արցունքի կաթիլների փայլն աչքերում՝նա արդեն սլանում էր ներքև` փողոց:

Հարցերևառաջադրանքներ

5. Բացատրիր հետևյալ բառերը (կարող ես օգտվել բացատրական բառարանից).

բերկրալի-ուրախալիր, հերակա-մազակալ, նսեմացնել-ստորացնել, բարապան-բակապան:

6. Ի՞նչ է տալիս տվյալ պատկերին գորշ մակդիրի կրկնությունը:

Դելան թախիծով նայում էր գորշ բակի երկայնքով ձգվող գորշ ցանկապատի վրա ճեմող գորշ կատվին:

գույն

7. Առաջին մասից գտիր և գրիր հետևյալ մտքին հոմանիշ միտք.

Ամիսներ շարունակ բառացիորեն տնտեսել էր յուրաքանչյուր ցենտը, իսկ

եղածն ընդամենը այդքան էր:

Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր:

8.  Ինչո՞ւ է հեղինակը կարևորել հատկապես հայելու նկարագրությունը:

Որովհետև Դելան հայելու միջոցով տեսավ իր մազերը , որոշեց իր մազերը կտրի:

9. Ո՞ր բառակապակցություններից և նախադասություններից է երևում, որ՝

• Դելան  ուրախ էր մազերը կտրելու մտքի համար,

Եվ ահա Դելայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը:

• անհանգստանում էր մազերը կտրելու մտքից:

 Սակայն Դելան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը

Оставьте комментарий