ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ամանորը եւ Սուրբ Ծնունդը ազգային տոներ չեն եզդիների համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, յուրաքանչյուր տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, եզդիները նշում են իրենց Ամանորը: Այս տարի այն նշվելու է ապրիլի 20-ին: Այդ տոնը հենց այդպես էլ կոչվում է` Տարեմուտի չորեքշաբթի օր: Եզդիներն իրենց Ամանորը գերեզմանոցում են նշում:
«Գուցե տարօրինակ թվա, սակայն դա մեզ ավանդված սովորույթ է»,- ասաց Ա. Թամոյանը` հավելելով, որ իրենք գերեզմանատուն են տանում տարատեսակ ուտելիքներ եւ խմիչքներ. շնորհավորում են նախ հանգուցյալների տոնը, ապա ապրողներինը: Տոնական սեղանին դնում են խաշլամա, ոչխարի մատաղ: Շատերը նաեւ խորոված են դնում, սակայն դա, ըստ Ա. Թամոյանի, թույլատրելի չէ: Տոնական սեղանի կարեւոր բաղադրիչն է գաթան, որի մեջ հուլունք է լինում:»Գաթան բաժանվում է ընտանիքի անդամների միջեւ:
Ում բաժին ընկավ այդ հուլունքը, նա այդ տարի խորհրդանշական կերպով համարվում է ընտանիքի ունեցվածքի տեր-տիրականը»,- պարզաբանեց Ա. Թամոյանը: Եզդիներն արեւապաշտ են, ուստի թեեւ երեւանաբնակ եզդիների մի մասը Ամանորը նշում է, սակայն Սուրբ Ծնունդը նրանց կողմից առհասարակ չի նշվում: Ասորիների կաթոլիկ մասը Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին, ուղղափառ մասը` հունվարի 7-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ասորական «Խայադտա» կազմակերպության նախագահ Իրինա Ագրատովա-Գասպարյանն ասաց, որ Սուրբ Ծննդյան օրը կատարվում է երեկոյան ժամերգություն ասորերենով կամ հին սլավոներենով: Այդ օրն ընդունված չէ միմյանց այցելել. հյուր գնում են միայն հաջորդ օրը: Սուրբ Ծնունդը ասորական եկեղեցական տոնացույցով առանձին տոնի արժեք չունի, քանի որ հաջորդում է մեծ տոնի: Ի. Ագրատովան նշեց, որ ասորական տոնական ուտեստները եւս առանձնապես չեն տարբերվում հայկականից. սեղանին դրվում են չամիչով փլավ, ձուկ, գաթա:
Սուրբ Ծննդի հաջորդ օրը օճառի օգտագործման եւ մի շարք այլ սահմանափակումներ կան, սակայն դրանց, ըստ Ի. Ագրատովայի, քչերն են հետեւում: Ամանորը ասորիները նշում են հայերի նման: Ի. Ագրատովայի խոսքով` երկու ժողովուրդների դարավոր հարեւանությունն ու բարեկամությունը չէին կարող չհանգեցնել սովորույթների եւ ազգային խոհանոցների ընդհանրությունների: Թեեւ քրդական Ամանորն իրականում մարտին է, սակայն քրդերը Հայաստանում այն նշում են հունվարին:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ղադրը, ապրելով Հայաստանում եւ ունենալով հայ ընկերներ, անհնար է հեռու մնալ տոնական տրամադրություններից եւ բոլորովին չնշել Ամանորը: Տոնական սեղանը, ըստ Ժ. Ղադրի, լի է լինում քրդական ազգային ուտեստներով: Քրդերի մոտ եւս ընդունված է սեղանին դնել պասուց եւ թփով տոլմա, սպաս, գաթա, որի մեջ, ավանդույթի համաձայն, կոպեկ է լինում: «Զատիկը եւս նշում ենք, միմյանց շնորհավորում գինով լի բաժակներով, թեեւ մեր Զատիկը ապրիլին է»,- ասաց Ժ. Ղադրը: