Մարմնի երկարությունը՝ 30-150 սմ է, կազմված է 80-300 օղակից։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձնային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։
Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։
Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։
Ապրում է խոնավ հողերում։ Գիշերային կյանք է վարում, ցերեկը դուրս է գալիս միայն ուժեղ անձրևից հետո՝ հենց այստեղից էլ առաջացել է նրա անվանումը։ Սնվում է բուսական մնացորդներով, գոմաղբով և այլն։
Դժվար է գերագնահատել անձրևավորդերի դերը հողի բերրիության համար: Դրանք փորում են հողը ու 60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում և փխրեցնում են հողը։
Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել:
Անձրևավորդերը հողի մեջ շարժվում են հողը բրդբրդելով կամ կուլ տալով, սնվում են հողի մեջ կամ մակերեսին եղած փտած օրգանական մնացուկներով, որոնք, անցնելով որդի մարսողական ուղիով, դառնում են հիանալի պարարտանյութ:

Անձրևավորդերի՝ օրգանական թափոնները որպես պարարտանյութ վերամշակելու ունակությունը լայնորեն օգտագործվում է կենսահումուս արտադրելու համար:
ԱՄՆ գիտնականները բուծել են անձրևավորդի մեծ արտադրողականություն ունեցող հիբրիդ, որը կոչվում է Կալիֆորնիական կարմիր որդ: Կան նաև Ռուսաստանի համար տեղայնացված հիբրիդներ:
Կենսահումուս արտադրելու բազմաթիվ տեխնոլոգիաներ կան՝ սկսած փոքր, տանը արտադրելու համար նախատեսված սարքերից, վերջացրած արդյունաբերական ծավալներով: